“Brain Awareness Week”-ի 5-րդ օրը նույնպես ընթացավ իր ծրագրին համապատասխան։ Տեղի ունեցավ այց գիտահետազոտական լաբորատորիաներ, որտեղ հայտարարված էր բաց դռների օր, ինչպես նաև ԵՊԲՀ ներամբիոնական գիտական խմբակների հանդիպումները։ Յուրաքանչյուր խմբակ հանդիպման ընթացքում ներկայացրեցին թեմատիկ զեկույցներ, որին հաջորդեց համապատասխան հարցադրումներն ու քննարկումները։

Մարտի 14-ին տեղի ունեցավ հյուսվածաբանության ներամբիոնական գիտական խմբակի այս տարվա առաջին հանդիպումը: Այս հանդիպումը նվիրված էր “Brain Awareness Week” միջազգային արշավին և նախորդ տարվա կատարած աշխատանքներին: Ներկայացվեց խմբակի կատարած աշխատանքը, արդյունքները: Խմբակի նոր անդամները ծանոթացան խմբակի աշխատանքներին: Կարճ ներկայացվեց խմբակի առջև դրված խնդիրները: Ունեցանք նաև թեմատիկ զեկույց “Brain Awareness Week” միջազգային արշավի վերաբերյալ:

BAW-ի շրջանակներում տեղի ունեցավ նաև կենսաբանության գիտական խմբակի հանդիպումը։ Քննարկվեցին այն վիրուսները, բակտերիաներն ու պրիոնները, որոնք ախտահարում են ուղեղը։ Ուսանողները ելույթներ էին պատրաստել կատաղության, Կուրույի, պոլիոմիելիտի ու նեյրոսիֆիլիսի մասին։

Քիմիայի ներամբիոնական գիտական խմբակի հանդիպման ժամանակ քննարկվեց հիշողությունը, նրա տեսակները: Սովորածը լավ ամրապնդելու համար խմբակի մասնակիցները կատարեցին որոշ թեստեր: Այնուհետև նրանք հասկացան, թե ինչպես է ազդում մարդու հուզական վիճակը նրա հիշողության վրա: Սովորածը իմաստավորելու նպատակով կրկին անցկացվեցին հետաքրքիր թեստեր, այսպիսով բոլոր մասնակիցների համար նյութը դարձավ ավելի հետաքրքիր և ուսանելի:

Մեկ այլ հետաքրքիր հանդիպում էր ֆիզիկայի ներամբիոնական խմբակի հանդիպումը: Խմբակի անդամները այս անգամ հանդիպել էին ANEL լաբորատորիայում, որի հետ անմիջականորեն կապված է նրանց հետագա աշխատանքը: Խմբակի անդամները ծանոթացան 3Դ մոդելավորման համար օգտագործվող նյութերին, EEG-ի մեխանիզմներին, ունեցան հետաքրքիր քննարկում ներկայացված նյութի վերաբերյալ: Նաև մասնակիցները քննարկեցին խմբակի հետագա գործունեությունը, այն է՝ 3Դ տպագրության միջոցով արհեստական մաշկի ստեղծումը:

Կայացավ նաև կենսաքիմիայի խմբակի գործնական հանդիպումը “Ուղեղի ճանաչման շաբաթի” շրջանակներում: Խմբակի անդամները հնարավորություն ունեցան իրականացնել շճային սպիտակուցների և ուղեղի հոմոգենիզատի էլեկտրոֆորեզ: Մեր առաջին էլեկտրոֆորեզը ավարտվեց սպիտակուցների ժպտացող շարասյունով: Շնորհակալ ենք Կատարինե Սերոբովնային գիտելիքների ու մեզ տրամադրած ժամանակի համար:

Ֆիզիոլոգիայի գիտական խմբակի հանդիպմանը անդամները պարզաբանեցին հիշողության մեխանիզմները մոլեկուլային և օրգանիզմային մակարդակով։ Հասկացան, թե ինչ կապ կա քնի և հիշողության միջև, գալով այն եզրակացության, որ ֆիզիկական վարժությունները դրական ազդեցություն են թողնում մարդու հիշողության վրա։ Հանդիպման ավարտին կատարվեց վարքային թեստ առնետի հետ (Y Maze), որպեսզի գնահատվեր առնետների տարածական հիշողությունը։

Ֆարմակոլոգիայի խմբակի անդամները նույնպես անմասն չմնացին “Brain Awareness Week” միջազգային արշավից և կազմակերպված հանդիպմանը ներկայացան ուղեղի վերաբերյալ հետաքրքիր նյութերով: Պարզաբանվեց իշեմիկ ինսուլտի և կոգնիտիվ խանգարումների միջև եղած կապը, ներկաները ծանոթացան լաբորատոր կենդանիների հիշողությունը ստուգող մի շարք վարքային թեստերի և լսեցին նոոտրոպ դեղերի`մասնավորապես Պիրացետամի և Ցիտիխոլինի կառուցվածքի, ազդեցության մեխանիզմի և ցուցումների մասին հետաքրքիր զեկույց:

Ախտաբանական անատոմիայի գիտական խմբակի հերթական հանդիպումը նույնպես կայացավ BAW-ի շրջանակներում: Այս անգամ հանդիպումը նվիրված էր ուղեղին: Ներկայացվեցին ուղեղի անատոմիան, հիստոլոգիան, ուղեղի ուռուցքների դասակարգումը և ուռուցքածին դեղորայքների մասին հետաքրքիր զեկուցումներ: Հանդիպման վերջում խմբակի կոորդինատորը ներկայացրեց խմբակում այս ամիսներին կատարված աշխատանքների ամփոփումը և ցիկլոսպորինով իմունոսուպրեսիայի կողմնակի ազդեցությունները քաղցկեղի քսենոգրաֆտային մոդելում պոստեր_զեկուցումը, որում նեկայացված ուռուցքային, ուղեղի և լյարդի հյուսվածքների պրեպարատները պատրաստվել և նկարագրվել էին ախտաբանական անատոմիայի գիտական խմբակի կողմից:

Վիրաբուժության ներամբիոնական գիտական խմբակի հերթական հանդիպմանը ներկա էին խմբակի անդամները, որոնց մի մասը նոր էր սկսել ուսումնասիրել խմբակի աշխատանքները: Հանդիպման ընթացքում Brain awareness week-ի շրջանակներում Հայկանուշ Ստեփանյանի կողմից ներկայացվեց <<Բջջային հեռախոսների ազդեցությունը հիշողության վրա >> թեմայով զեկուցում, ելույթում նա կարևորեց այն կետերը , ըստ որոնց մենք կփորձենք մաքսիմալ կերպով նվազեցնել բջջայինների կողմից ճառագայթներով մեր հիշողությանը հասցվող վնասը: Ներկայացվեցին նաև <<Ճողվածքահատում >> Խաչիկ Գալստյանի կողմից և <<Հաստ աղու ուռուցքի հեռացում>> Անդրանիկ Խաչատրյանի կողմից: Վերջում բուռն հետաքրքրությամբ քննարկվեցին բոլորի մոտ առաջացած հարցերը և բարձր տրամադրությամբ զինված հետաքրքիր գիտելիքներով հանդիպումը մոտեցավ իր ավարտին: