Ցանկացած կառույց, լինի դա կրթական, գիտական թե հասարակական, ունի ուժեղ և կայուն թիմի կարիք՝ լի մեծ ձգտումով և նոր գաղափարներով: ՈՒԳԸ-ն նույնպես բացառություն չէ: Այդպես կյանքի կոչվեց “Start Sharing Science” workshop նախագիծը, որի նպատակն էր նոր, հետաքրքված, հիմնականում առաջինից երրորդ կուրսի ուսանողներին ընձեռել հնարավորություն ձեռք բերել գիտական հոդվածների, փորձերի և հետազոտությունների մասին սկզբնական գիտելիքներ, ծանոթացնել մեր գործունեության հետ և ներգրավել ՈՒԳԸ-ի կազմում:

Առաջին օրը կայացավ հոկտեմբերի 14-ին, երբ ապագա բժիշկ-գիտնականները բացատրեցին, թե ինչ են իրենից ներկայացնում վարքային թեստերը, կիսվեցին իրենց գիտելիքներով, թե իnչպես է անհրաժեշտ ճիշտ որոնել գիտական հոդվածներ և ավելի խորը տիրապետել կլինիկական գիտելիքներին: Նշվեցին այն կայքերը, որոնք կարող են օգնել ուսանողներին խորացնել իրենց գիտելիքները բժշկության ոլորտում, օգտվել բոլոր ժամանակակից հոդվածներից և ծանոթանալ բազմաթիվ հետազոտությունների արդյունքներին: Դրանք էին` www.pubmed.com , www.cochranelibrary.com, www.medscape.com,  www.sci-hub.cc,  www.radiopaedia.org,  www.nejm.org, www.jamanetwork.com

Բացի այս ամենից, մասնակիցները տեղեկացան այն հետազոտական աշխատանքներից, որոնք կատարվել և կատարվում են ՈւԳԸ-ի անդամների կողմից, ծանոթացան, թե անցած տարվա ընթացքում ինչպիսի նշանակավոր կոնֆերանսներ են կազմակերպվել: Նշվեցին երկու հիմնական նախագծերը, որ կազմակերպել է ՈՒԳԸ-ն նախորդ տարվա ընթացքում, որոնցից էին ԵՊԲՀ-ի 95 ամյակին նվիրված միջոցառումն ու Հայաստանում նոբելյան օրերը:

Այս ամենը կազմակերպված էր ոչ ստանդարտ կոնֆերանսային ֆորմատով, որպեսզի մասնակիցների և կազմակերպիչների միջև արդեն իսկ առաջին րոպեներից անկաշկանդ հարաբերություններ ստեղծվեին: Մասնակիցները բաժանվեցին 4 խմբի: Տարբեր սեղանների շուրջը որոշակի գիտելիք ձեռք բերելուց հետո, այդ 4 խմբերին տրվեցին առաջադրանքներ, որոնք նրանք պետք է կատարեին մեկ շաբաթում` մինչև workshop-ի երկրորդ օրը: Սպասվում էին չորս հետաքրքիր թիմային զեկույցներ հիմնված այն հետազոտական աշխատանքների վրա, որոնք անում են ՈՒԳԸ-ի անդամները: Դրանք եին`

  1. «Կապ մարդու ալերգիկ ֆոնի և ուռուցքային պրոցեսի զարգացման հավանականության մեջ»,
  2. «Ուղեղային արյան շրջանառության խանգարումների արդիականությունը»,
  3. «Գեոմագնիսական տատանումների՝ առողջության վրա ազդեցության առկա տվյալները»,
  4. «Ուղեղի ուռուցքի իմունոլոգիական պրոֆիլը»:

Սպասվող արդյունքներն իրենց շատ սպասեցնել չտվեցին: Արդեն մեկ շաբաթ անց՝ հոկտեմբերի 22-ին, ԵՊԲՀ 9-րդ լսարանում հավաքվել էին այն ուսանողները, որոնք պատրաստ էին մեզ ներկայացնել իրենց մեկշաբաթյա անդադար աշխատանքի պտուղները: Խմբերից յուրաքանչյուրը յուրովի կազմակերպված ձևով մեզ ներկայացրեց, թե ինչ են արել այս ընթացքում, և ամենակրևորն է, ինչ էին պատրաստվում անել ապագայում: Զեկուցումներից և հարցուպատասխանից հետո, որը տևեց մինչ երեկո, բոլորս ուղևորվեցինք դեպի Հայաստանի աստղագիտական սիրտը՝ դեպի Բյուրական: Մենք բոլորս հնարավորություն ունեցանք տեսնել տարբեր լուսատուներին ավելի մոտիկից և հիանալ նրանց գեղեցկությամբ:

Խոստանում ենք, որ  նմանատիպ միջոցառումները կլինեն շարունակական, քանզի դրանց շնորհիվ հնարավորություն է ընձեռվում ուսանողներին բուն մասնագիտության մեջ խորանալուց զատ, կարողանալ զարգացնել մտահորիզոնն այլ ուղղություններով ևս՝ միաժամանակ չկտրվելով ապագա մասնագիտության արմատներից:

Սիրով՝ Ուսանողական Գիտական Ընկերություն

Նկարների համար՝ Օր 1Օր 2

Հեղինակներ՝ Սոսե Բերբերյան և Գոհար Մաթևոսյան