Բժիշկ Դեյվիդ Սպենսի հրապարակած հետազոտությունները ցույց են տալիս, որ ձվի դեղնուցը արագացնում է աթերոսկլերոզը, ինչով էլ հենց այն համանմանություն ունի ծխելու հետ: Հետազոտելով ավելի քան 1200 անձանց` նա հանգել է այն եզրակացության , որ պարբերաբար ձու օգտագործողների 2/3-ի մոտ մեծանում է ինսուլտի և սրտային կաթվածի ռիսկը, որը պայմանավորված է քնային զարկերակի պատի վրա վահանիկների առաջացումով: Նման բան նկատվում է նաև ծխողների մոտ: Աթերոսկլերոզի պատճառով մարդու մոտ զարգանում  է սրտի իշեմիկ հիվանդություն, որի  ժամանակ ավելորդ խոլեստերինը կուտակվում է անոթների պատերին՝ վահանիկներ ձեւավորելով: Խանգարվում է թրոմբոցիտների ակտիվությունը, որոնք սոսնձվելով գնդիկներ են ձեւավորում և կուտակվում վահանիկների վրա:  Տեղի է ունենում անոթների խցանում, եւ առաջանում է այսպես կոչված աթերոթրոմբային կաթված: Ուսումնասիրությունների կենտրոնում են եղել 61.5 տարեկան միջին հասակ ունեցող 1231 կանայք և տղամարդիկ: Ուլտրաձայնի միջոցով պարզվել է վահանիկների ընդհանուր մակերեսը , ինչպես նաև հետազոտվող անձանց կողմից լրացվել է հարցման թերթիկ: Հարցերը վերաբերում էին նրանց ապրելակերպին, օգտագործվող դեղերին, օգտագործվող ծխախոտի քանակին (1 օրվա կտրվածքով) և ձվի դեղնուցի քանակին (1 շաբաթվա կտրվածքով): Պարզվել է, որ վահանիկների մակերեսը 40 տարեկանից հետո սկսում է աճել էքսպոնենցիալ օրոնքով: Այլ կերպ ասած, ինչպես ծխախոտի, այնպես էլ ձվի դեղնուցի օգտագործումը արագացնում է աթերոսկլերոզը: Ընդ որում 1 շաբաթվա մեջ 3 և ավելի դեղնուց օգտագործողների մոտ վահանիկների մակերեսը զգալիորեն ավելի մեծ է , քան 1 կամ 2 դեղնուց օգտագործողների մոտ: ”Մենք ցույց տվեցինք, որ տարիքին զուգընթաց տեղի է ունենում վահանիկների կուտակում զարկերակների պատերի վրա և ձվի դեղնուցը էլ ավելի է խթանում վերոնշյալ գործընթացը: Հետազոտվողների 2/3-ի վրա ձվի դեղնուցի պարբերաբար օգտագործումը թողնում էր նույն բացասական ազդեցությունը, ինչ որ ծխախոտի պարբերաբար օգտագործումը:”- ասում է Սպենսը և ավելացնում,  որ վահանիկների քանակի շատացումը կախված չէ սեռից , արյան ճնշումից, ծխելուց և շաքարային դիաբետից: Նա նաև նշում է, որ թեև դեռ այլ գործոնների ազդեցությունը հստակ ուսումնասիրված չէ , բայց ձվի դեղնուցի մեծաքանակ օգտագործումէից պետք է խուսափեն այն անձիք, ովքեր սիրտ-անոթային համակարգի խնդիրներ ձեռք բերելու ռիսկային խմբում են:

Հեղինակ` Քեհյան Վեներա

Սկզբնաղբյուր` https://www.sciencedaily.com/releases/2012/08/120813155640.htm