Երկֆոտոն լազերային մանրադիտակը լազերային մանրադիտակ է,որը թույլ է տալիս դիտել կենդանի հյուսվածքներն ավելի քան 1 մմ խորությամբ, օգտագործելով ֆլուորեսցենցիայի երևույթը։ Երկֆոտոն մանրադիտակը բազմաֆոտոն ֆլուորեսցենտային մանրադիտակի տարատեսակ է։
Դրա առավելությունները, կոնֆոկալ մանրադիտակի համեմատ, մեծ թափանցելիությունն է և ֆոտոտոքսիկության ցածր մակարդակը։
Երկֆոտոն մանրադիտակն առաջին անգամ նախագծել է Վինֆրեդ Դենկը Կոռնելի համալսարանում Վ.Վ.Վեբբի լաբորատորիայում։
Նա համակցել է երկֆոտոն գրգռման գաղափարը լազերային սկանավորման հետ։
Երկֆոտոն լազերային մանրադիտակը հիմնված է Մարիա Գյոպերտ-Մայերի կողմից 1931 թ.-ի նրա դոկտորական թեզում նկարագրված ֆիզիկական սկզբունքի հիման վրա։
Երկֆոտոն գրգռման պրոցեսն ընթանում է հետևյալ ձևով. երկու ֆոտոններ, որոնք օժտված են ցածր էներգիայով, գրգռում են ֆլուորոֆորը (ֆլուորեսցենցիայի ընդունակ մոլեկուլը կամ մոլեկուլի հատվածը) մեկ քվանտային երևույթի ընթացքում։
Այդ գրգռման հետևանքն է գրգռված մոլեկուլների կողմից ֆլուորեսցենտային ֆոտոնի հետագա արձակումը։ Ֆլուորեսցենտային ֆոտոնի էներգիան մեծ է գրգռող ֆոտոնների էներգիայից։
Հավանականությունն այն բանի, որ երկու գրգռող ֆոտոնները կլանված կլինեն միևնույն մոլեկուլի կողմից, շատ փոքր է։Դրա համար անհրաժեշտ է գրգռող ֆոտոնների մեծ հոսք,որը հնարավոր է ստանալ լազերի օգնությամբ, որն արձակում է ֆոտոններ իմպուլսների հաջորդականության բարձր հաճախականությամբ(80 ՄՀց)։ Առավել հաճախ օգտագործվող ֆլուորոֆորներն ունենում են գրգռման սպեկտր 400-500նմ-ի միջակայքում,երբ գրգռող լազերի ալիքի երկարությունը 700-1000նմ-ի միջակայքում է (ինֆրակարմիր ալիքների տիրույթ)։
Եթե ֆլուորոֆորը միաժամանակ երկու ֆոտոն կլանի,ապա այն կստանա բավարար էներգիա, որպեսզի անցնի գրգռված վիճակի։Հետագայում գրգռված ֆլուորոֆորը արձակում է մեկ ֆոտոն (սպեկտրի տեսանելի մասում),որի ալիքի երկարությունը կախված է ֆլուորոֆորի տիպից։
Քանի որ ֆլուորոֆորի գրգռված վիճակի անցնելու համար անհրաժեշտ է երկու ֆոտոն, ֆլուորոֆորի կողմից երկրորդային(կողմնային) ֆոտոնի արձակման հավանականությունը համամասնական է գրգռման ինտենսիվության քառակուսուն։ Դրա համար ֆլուորեսցենցիան կլինի ավելի ուժեղ այն դեպքում,երբ լազերի ճառագայթը հստակ կենտրոնացված է,այլ ոչ թե ցրված։
Առավելագույն ֆլուորեսցենցիա նկատվում է կիզակետային(ֆոկալ) ծավալում (ծավալ,որտեղ կենտրոնացված է լազերի ճառագայթը) և ներկայացնում է կտրուկ փոքրացում կենտրոնից դուրս տիրույթում։

Հեղինակ՝ Աննա Բաբայան