Աշնան վերջին շաբաթը Երևանի Պետական Բժշկական Համալսարանի համար նշանակալից էր «Գիտության Շաբաթ 2017» միջոցառումով։ Ամենուր տիրում էր խանդավառ մթնոլորտ, բոլորը տարված էին գիտությամբ և րոպե առաջ ցանկանում էին սովորել նորը և հետաքրքիրը։

Առաջին օրը կհիշվի որպես Ուսանողական Գիտական Օր։ Նվիրված լինելով Ուսանողական Գիտական Ընկերության (ՈւԳԸ) 70 ամյակին, միջոցառումը սկսվեց ՈւԳԸ նախկին և ներկայիս նախագահների ելույթներով, ինչից հետո նախագահները, համալսարանի ռեկտորի և գիտության ուղղությամբ պրոռեկտորի ընկերակցությամբ, բեմահարթակին վերակառուցեցին Գիտության Շաբաթ 2017»-ի լոգոն, հանդիսատեսին հաղորդելով գեղեցիկ սիմվոլիզմ։ Գիտական Օրվա ընթացքում մասնակիցները խոսեցին Առանց Սահմանների Գիտության (բժշ․ գիտ․ դոկտոր, ԵՊԲՀ Պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնսանտին Ենկոյան), Հյուսվածքային Ինժեներիայի (ԱՄՆ Ջորջ Վաշինգտոնի համալսարանի գիտաշխատող, պրոֆեսոր Նարինե Սարվազյան), և Օպտոգենետիկայի՝ նեյրոգիտության մեջ կիրառման (Նենսկի փորձարարական կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Ռաֆալ Չայկովսկի) մասին։ Օրը ավատեցին մեր համալսարանի ուսանողները՝ ներկայացնելով իրենց գիտական նախագծերը։

Միջոցառման երկրորդ օրը նվիրված էր երիտասարդ գիտնականներին։ ԵՀՄ Նախագահ Մարիամ Մովսիսյանը խոսեց Երիտասարդ հետազոտողների միության և ներկա մարտահրավերների մասին։ Ապա ներկայացնողներ Նվեր Խաչատուրյանը և Մարի-Հրաչուհի Պօղոսեանը խոսեցին գիտության մեջ մասնագիտական համագործակցության և ստեղծարարություն և տեխնոլոգիական նորարարության մասին։ Այդ ամենից հետո Կարապեը Դավթյանը ներկայացրեց Հայաստանում պատշաճ կլինիկական գործունեությանը համապատասխանող կլինիկական հետազոտությունները, իսկ Շանթ Շեխերդիմյանը խոսեց հաջողակ գիտական աշխատանքների մասին։ Այդ ամենին հաջորդեցին մի շարք հետաքրքրաշարժ ստենդային զեկուցումներ, որից հետո երիտասարդ հետազոտողները հանդես եկան տարբեր բանավոր զեկույցներով։ Օրը ավարտվեց Կլոր սեղան-քննարկումով՝ «Երիտասարդ գիտնականների խնդիրները» թեմայով, ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Ա. Մուրադյանի մասնակցությամբ։

 

 

 

Նոյեմբերի 29-ին, միջոցառման 3-րդ օրը նույնպես տիրում էր գիտական խելահեղ մթնոլորտ։ Դասախոսությունները հետաքրքիր էին, իսկ քննարկումները` բուռն։ Մասնակիցները խոսեցին ուղեղից, հակաբիոտիկակայունությունից, ընդհանուր հարմարողական համախտանիշից, և իհարկե Քրոնիկ սրտային անբավարարությունից։ Հատուկ շնորհակալություն պրն. Կ. Ենկոյանին, պրն. Տ. Դավթյանին, պրն. Ա. Զիլֆյանին, պրն. Հ. Սիսակյանին, պրն. Ն. Խաչատուրյանին, տիկին Շ. Սարգսյանին և պրն. Ա. Շահխաթունիին, մեզ գիտության խորքերն էլ ավելի ուղորդելու համար։

Նոյեմբերի 30, օր 4-րդ։ Օրը անչափ հագեցած էր, մասնակիցները ներկա գտնվեցին գիտական բազմատեսակ զեկուցումների ներկայացմանը, որոնք անցկացվեցին կարմիր դահլիճում, կապույտ դահլիճում (ստոմատոլոգիա, ԼՕՌ և աչքի հիվանդություններ), “Հերացի” հիվանդանոցային համալիրում(կլինիկական բժշկություն), “Թոմաս Ջեֆերսոն” ուսումնական կենտրոնում(նյարդաբանություն, հոգեբուժություն, թմրաբանություն, բժշկական հոգեբանություն և սեռական առողջություն), ԵՊԲՀ 9-րդ լսարանում(հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում)։ Ցանկանում ենք հատուկ շնորհակալություն հայտնել ուսանողադասախոսական կազմին, բժիշկներին, գիտական ոլորտի ներկայացուցիչներին՝ իրենց թանկ ժամանակը մեզ հատկացնելու համար։

Դեկտեմբերի 1. օր 5-րդ։ Միջոցառման եզրափակիչ օրը սկսվեց «Հորիզոն 2020» հետազոտության և նորարարության խրախուսման ԵՄ ծրագրի և մասնակցության հնարավորությունների ներկայացմամբ։ Ապա ներկայացվեցին ԵՊԲՀ ԳԿԽ հաշվետվությունները և հետագա աշխատանքների իրականացման երաշխավորությունը։

Հատուկ շնորհակալություն ենք ցանկանում հայտնել բոլոր ջերմեռանդ և հետաքրքրասեր մասնակիցներին՝ միջոցառումը էլ ավելի յուրօրինակ և հետաքրքիր դարձնելու համար։ Ուրախ ենք, եթե կարողացանք Ձեզ տրամդրել գիտելիքներ և պարգևել հետաքրքիր պահեր։

Կիսվել