Օրերս շատերն են ընդունում կալցիում հավելումների տեսքով` դրա դեֆիցիտից և որպես հետևանք օստեոպորոզ հիվանդությունից խուսափելու համար: Կալցիումի պակասն ամբողջ աշխարհում առողջապահական խնդիր է, հատկապես տարեցների և հետդաշտանադադարային շրջանում գտնվող կանանց համար: Մարդուն օրական անհրաժեշտ է միջինում 1000-1200 մգ կալցիում: Այս քանակն ապահովելու համար հարկավոր է օգտագործել կալցիումով հարուստ սննդամթերք, իսկ անհրաժեշտության դեպքում բժշկի նշանակումով ընդունել նաև կալցիում՝ հավելումների տեսքով: Այս հղումով կարող եք հաշվել ձեր օրգանիզմին անհրաժեշտ կալցիումի օրական չափաբաժինը: 

Սակայն, վերջերս Ջոնս Հոպկինս համալսարանի գիտնականները, հետազոտելով ավելի քան 2700 մարդու, եկան այն եզրակացության, որ կալցիումի հավելումները մեծացնում են արյունատար անոթների խցանումների ռիսկը, մինչդեռ կալցիումով հարուստ սնունդն այսպիսի ազդեցություն չի թողնում:

 

%d5%bd%d6%85%d5%bd%d5%a5

Հետազոտությունները նաև ցույց են տվել, որ հավելումների տեսքով ընդունված կալցիումը չի հասնում իր «բուն նշանակետին» և ոչ էլ արտազատվում է օրգանիզմից մեզի տեսքով: Այն կուտակվում է օրգանիզմի փափուկ հյուսվածքներում, օրինակ` արյան անոթների պատերին և խաթարում է սրտի բնականոն աշխատանքը: Ի տարբերություն հավելումների, սննդի տեսքով ընդունած կալցիումը բացասաբար չի ազդում սրտի և արյունատար անոթների վրա: Պատճառը հավանաբար հավելումների ժամանակ միանգամից մեծ չափաբաժնով կալցիումի օգտագործումն է, որը օրգանիզմը ի վիճակի չէ մշակել:

 

Հեղինակ՝ Սոսե Բերբերյան

 

Սկզբնաղբյուրներ՝

https://www.iofbonehealth.org/calcium-calculator

https://www.sciencedaily.com/releases/2016/10/161011182621.htm

https://consumer.healthday.com/bone-and-joint-information-4/osteoporosis-news-514/calcium-supplements-may-not-be-healthy-for-the-heart-715736.html