2017 թվականին  իտալացի վիրաբույժ Սերջիո Կանավերոն  պլանավորում  է  իրականացնել  պատմության  մեջ առաջին  բարդագույն  վիրահատությունը՝  գլխի  փոխպատվաստումը:  Վիրահատության  ընթացքում  պացիենտի  գլուխը  կտեղադրվի  մահացած   դոնորի  մարմնին:  Վիրահատությունը  կիրականացվի  մի քանի  փուլերով:  Սկզբում  կիրականացվի  փորձնական  վիրահատությունը, որին  կամավոր  համաձայնվել  է  մասնակցել ռուս   ծրագրավորող  Վալերին:  Նա  ասում   է,  որ  իր  հարազատները   դժվարությամբ  են  ընդունել  իր  որոշումը,  քանի  որ  նման  վիրահատական  միջամտություն  երբևէ  չի  կատարվել:  Վալերին  համարում  է,  որ   կորցնելու  ոչինչ  չունի. «Վախենում  եմ  արդյո՞ք  ես:  Իհա՛րկե, ես  շատ  եմ  վախենում,  բայց  ուրիշ  տարբերակ  ուղղակի  չունեմ: Սա   ոչ  թե  սարսափելի  է, այլ    հետաքրքիր: Ես   շատ  ուրախ   կլինեմ,  եթե   էքսպերիմենտը  պսակվի   հաջողությամբ,  որից  հետո  ես   կկարողանամ  ապրել,  ինչպես  լիարժեք  մարդ: Հակառակ դեպքում իմ տառապանքները կվերջանան: Բայց եթե ես կորցնեմ այս շանսը, իմ ճակատագիրը ծայրահեղ տխուր կլինի: Օր օրի ես ինձ ավելի վատ եմ զգում»:

Ինքը՝ Կանավերոն, հավատում է իր վիրահատության հաջողությանը: Հիմա  էլ բժիշկը շարունակում է ստանալ նամակներ վիրահատվել ցանկացողներից, բայց նա պատրաստվում է նախ և առաջ օգնել մկանային դիստրոֆիայով տառապող անձանց, որոնցից առաջինը Վալերին է:

Վիրահատությունը կիրականացվի հետևյալ կերպ.

glux1

Այս բարդագույն վիրահատական միջամտության համար բժիշկներին պետք կգա 36 ժամ: Միջամտության արժեքն է 7.5 մլն եվրո: Որպես դոնոր կծառայեն այն մարդիկ, որոնց ուղեղը կենսաբանորեն մահացած է, իսկ մարմինը գտնվում է իդեալական ֆիզիկական վիճակում: Նա պետք է լինի լիովին առողջ:

Վիրահատությունից առաջ  և՛ դոնորի, և՛ պացիենտի մարմինները կսառեցվեն մինչև -15˚C մահվանից և նեքին օրգանների տարբեր վնասվածքներից խուսափելու համար: Սկզբից վիրաբույժը կհատի պարանոցի մաշկը, մկանները և արյունատար անոթները, այնուհետև կառանձնացնի ոսկրերը՝ չվնասելով ողնուղեղը: Հատուկ սարքավորումների միջոցով գլուխները կֆիքսվեն մարմիններին, ապա հատուկ այսպիսի վիրահատության համար պատրաստված գործիքով կհատվի ողնուղեղը: Հետո Վալերիի գլուխը կտեղափոխեն դոնորի մարմնին և կմիացնեն ողնուղեղը պոլիէթիլենգլիկոլով: Վերջում վիրաբույժը կվերականգնի հոդերը, մկանները և մաշկը: Պացիենտը 3-4 շաբաթ պետք է մնա անշարժ, մինչև նրա ողնուղեղը միանա դոնորի ողնուղեղին: Ողնուղեղը խթանելու համար վիրաբույժը նախատեսում է օգտագործել հատուկ էլեկտրոդներ:

Կոմայից դուրս գալուց հետո պացիենտը կկարողանա նորմալ կառավարել գլուխն ու մարմինը: Վալերին կխոսի ուրիշի ձայնով: Գլխի զգայությունը պետք է վերականգնվի անմիջապես: Հետագայում Վալերին պետք է անցնի հոգեթերապիայի կուրս, որը կոգնի նրան վերականգնվել ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես: Բժիշկը արդեն ունի մի քանի կամավորներ՝ որպես մարմնի դոնոր. դոնորին գտնելու հարցում խնդիրներ չեն առաջանա: Միակ խնդիրը վիրահատության անցկացման վայրն է. առայժմ ոչ մի պետություն չի համաձայնվում իր վրա վերցնել պատասխանատվությունը և թույլ տալ փոխպատվաստումը իրականացնել իր տարածքում:

Հեղինակ`Արմինե Պետրոսյան

Սկզբնաղբյուր` http://mirkosmosa.ru/nepoznannoe/zagadki/kak-budet-proishodit-pervaya-v-istorii-slozhneishaya-operaciya-peresadka-golovy